
263 դիտում
🫂 Յուրաքանչյուր մարդ առանց ցավի ապրելու իրավունք ունի։
Ցավի ճիշտ գնահատումը և արդյունավետ կառավարումը մարդու առողջության, արժանապատիվ կյանքի և բարեկեցության կարևոր բաղադրիչներից են։ Սակայն ցավը հաճախ ընկալվում է որպես հիվանդության «բնական» կամ «անխուսափելի» ուղեկից, ինչի հետևանքով բազմաթիվ պացիենտներ չեն ստանում անհրաժեշտ օգնություն։
🔹 Ինչ պետք է իմանալ ցավի մասին
Ցավը կարող է լինել սուր կամ քրոնիկական, և դրա ինտենսիվությունը գնահատվում է բուժող բժշկի կողմից` համապատասխան գործիքների միջոցով, որոնք օգնում են բժշկին ճիշտ գնահատել ցավի աստիճանը և ընտրել համապատասխան ցավամոքման բուժում։
🔹 Ու՞մ դիմել ցավի դեպքում
Եթե ունեք ցավ, դիմեք Ձեզ բուժող բժշկին։ Նա կգնահատի ցավի աստիճանը՝ կիրառելով ընդունված գնահատման գործիքներ և անհրաժեշտության դեպքում կնշանակի համապատասխան բուժում։
🔹Ե՞րբ կարող են նշանակվել թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղեր
Թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) պարունակող դեղերը կարող են նշանակվել, եթե բժշկական ցուցման համաձայն` ցավը գնահատվում է միջին կամ ուժեղ աստիճանի, և սովորական ցավազրկող միջոցները բավարար արդյունավետ չեն։
🔹 Ո՞վ կարող է նշանակել թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղեր
ՀՀ օրենսդրությամբ բոլոր բժիշկները կարող են նշանակել թմրամիջոց պարունակող դեղեր, եթե դրա համար կա բժշկական ցուցում։
Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղերի նշանակումը կատարվում է ամբուլատոր բժշկական քարտում, բուժող բժշկի գրառմամբ:
Դեղատոմսը հաստատվում է բժշկի և բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում, տնօրենին փոխարինող անձի ստորագրությամբ։
Դեղերը տրամադրվում են հատուկ դեղատոմսով։ Թույլատրվում է մեկ դեղատոմսում գրել թմրամիջոցներ պարունակող դեղ 10 օրացուցային օրվա ընթացքում բուժում ստանալու համար: Այն դեպքում, երբ մինչև 10-օրյա ժամկետի ավարտը, պացիենտի առողջական վիճակից կախված, անհրաժեշտ է կատարել դեղաչափի կամ դեղի փոփոխություն, դուրս է գրվում նոր դեղատոմս: Պացիենտի դեղատուն այցելության անհնարինության դեպքում դեղերը ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով:
🔹 Անվտանգ օգտագործում
Թմրամիջոց պարունակող դեղերը պետք է պահվեն անվտանգ վայրում, հեռու երեխաներից և այլ անձանցից։ Դրանք չի թույլատրվում փոխանցել ուրիշներին կամ օգտագործել առանց բժշկի նշանակման։
🔹Հսկողություն և շարունակական գնահատում
Թմրամիջոց պարունակող դեղեր ստացող պացիենտները պետք է պարբերաբար գտնվեն բժշկական հսկողության ներքո բուժման արդյունավետությունն ու անվտանգությունն ապահովելու համար։ Եթե պացիենտը չի կարող այցելել բուժհաստատություն, բժիշկը կարող է այցելել նրան տուն՝ վիճակը գնահատելու նպատակով։
🔹 Ի՞նչ անել, եթե դրա կարիքը կա
Եթե Դուք կամ Ձեր հարազատն ունեք քրոնիկ կամ քաղցկեղով պայմանավորված ցավեր, դիմե՛ք սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն և ստացեք անհրաժեշտ ու արդյունավետ ցավազրկող բուժօգնություն։
🔹 Ինչ անել իրավունքների խախտման դեպքում
📞 Եթե բախվում եք բուժօգնության մերժման, ոչ պատշաճ ծառայության կամ դեղերի անհիմն չնշանակման խնդրի, կարող եք զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 կամ ցավամոքման մշտադիտարկում իրականացնող հասարակական կազմակերպությունների թեժ գիծ` 094 422 922։